Создать сайт
Понравился? Нажмите -
@ADVMAKER@
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՏՐՈՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
Добавил: sptatron 30 сентября 2012 00:37
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ


Հարցազրույց թատրոնի տնօրենգրող Կոմիտաս Դանիելյանի հետ

-Ուղիղ 80 տարի առաջ` 1932թ. օգոստոսի 11-ին, բացվեց Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնը: Երկու խոսք, խնդրեմ, այդ մասին:

- Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան (1936-1989-ին` Մ. Գորկու անվան) պետական դրամատիկական թատրոնը կազմավորվել է 1932-ին` Կարո Ալվարյանի ղեկավարությամբ: Հիմնադիր կազմում էին Աննա Մելիքը, Արմեն Միրզոյանը, Հմայակ Դանիելյանը, Գուրգեն Ջանոյանը, Հայկ Գևորգյանը, Իվան Հովհաննիսյանը, Միքայել Կորգանյանը: Նրանց ու տեղի սիրող դերասանների ջանքերով նույն տարվա օգոստոսի 11-ին Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» պիեսի ներկայացմամբ առաջին անգամ բացվեց նորաստեղծ թատրոնի վարագույրը: Դրան հաջորդեցին Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Նար-Դոսի «Սպանված աղավնին» գործերի բեմադրությունները և այլն: 1949-ին, Բաքվի հայկական պետական թատրոնը փակվելուց հետո, Ստեփանակերտի թատրոնը համալրվել է նոր ուժերով: Կարճ ժամանակում Արցախի թիվ 1 մշակութային օջախի համբավը տարածվեց հայրենի լեռնաշխարհում, ապա նաև` մայր Հայաստանում ու Կովկասի հայահոծ վայրերում, որտեղ ստեփանակերտցի դերասանների հյուրախաղերը իսկական տոնի էին վերածվում:

Թատրոնի ստեղծագործական վերելքին նպաստել են հանրապետության ժողովրդական արտիստներ Արտաշես (Արզո) Արզումանյանը, Գուրգեն Հարությունյանը, Միքայել Կորգանյանը, Թագուհի Սահակյանը, Նինա Հովսեփյանը, Թամարա Մելքումյանը, Բենիամին Օվչյանը, Մարգո Բալասանյանը, Մամիկոն Միքայելյանը, Զինավոր Գևորգյանը, Նվարդ Ասատրյանը, Ժորա Մովսիսյանը, Միքայել Հարությունյանը, Ժաննա Գալստյանը, վաստակավոր արտիստներ Օվսաննա Սարգիսբեկյանը, Ռաֆայել Հարությունյանը, Արուս Ղազումյանը, Սուրեն Համզոյանը, Ասյա Սիմոնյանը...

Թատրոնին անուրանալի ծառայություն են մատուցել ճանաչված բեմադրիչներ Իվան Հովհաննիսյանը, Հովհաննես Կարապետյանը, Արտաշես Հովսեփյանը, բեմանկարիչ Գրիգոր Ծատուրյանը, ուրիշներ:

Արցախի դերասաններին ստեղծագործական խիզախումների են մղել տարբեր ժամանակահատվածներում թատրոնի ներկայացումներին իրենց մասնակցությունն ունեցած՝  հայ բեմի մեծանուն վարպետներ Վահրամ Փափազյանը, Իսահակ Ալիխանյանը, Արուս Ոսկանյանը, Ժասմենը, Լևոն Երամյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Դավիթ Մալյանը, Կարպ Խաչվանքյանը:

- Հակիրճ` թատրոնի 80-ամյա խաղացանկի մասին:

- Անցած 80 տարիներին թատրոնում բեմադրվել են հայ, ռուս և համաշխարհային դասական ու ժամանակակից թատերագիրների 415 երկեր: Դրանց թվում են նաև արցախցի հեղինակներ Բագրատ Ուլուբաբյանի «Ո՞ւմ հետ ես դու», նրա և Իսահակ Ալավերդյանի «Հողի լեզուն», վերջինիս «Սիրո ճանապարհին», «Ախ, սեր», Վազգեն Օվյանի «Լուսաբացը լեռներում», «Մեծ լոռեցին», «Պըլը-Պուղի», Աբգար Դանիելյանի «Այրվող պատիվ», Վարդան Հակոբյանի «Քո սերը քո տունն է», «Հայելիներ», «Արցախյան բալլադ», Զինավոր Գևորգյանի «Պապ, կրակում են», ձեր խոնարհ ծառայի «Մենք մեր սարերն ենք» և «Տո լաճ տնավեր» գործերը: Հարկ է ընդգծել, որ թատերգության ժանրը Արցախում ծնունդ է առել թատրոնի շնորհիվ:

- Ըստ Ձեզ, ի՞նչ դեր է խաղացել Ստեփանակերտի 80-ամյա թատրոնը արցախցիների կյանքում: 

- Այդ հարցին Վահրամ Փափազյանն այսպես կպատասխաներ` Ստեփանակերտի թատրոնը հանդիսատեսի համար սոսկ ժամանցի վայր չէր, այլ հանդիսատեսի հոգեկան պահանջները բավարարելու հիմնարկ... Ինձ թույլ եմ տալիս մեծ գեղագետի կարծիքին հավելել հետևյալը. մեր թատրոնի ամենամեծ դերը, թերևս, սերունդներին հայեցի դաստիարակելու մեջ պետք է փնտրել: Սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ 88-ին վերաբռնկված մեր ազգային-ազատագրական շարժման ու մեզ պարտադրված պատերազմում տարած հաղթանակի մեջ իր արժանի ներդրումն ունի նաև Ստեփանակերտի թատրոնը: Կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է:

- Ինչպիսի՞ կազմ ունի ներկայիս թատերախումբը:

- Ներկայում թատերախմբում ընդգրկված են ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, վաստակավոր արտիստներ Արեգա Պետրոսյանը, Սվետլանա Թովմասյանը, Արմելա Առաքելյանը, Արմիդա Գաբրիելյանը, Սամվել Եվրիյանը, արտիստներ Մարտին Ալոյանը, Սամվել Մկրտչյանը, Կամո Առաքելյանը, Արև Մկրտչյանը, Գենադի Առուշանյանը և շուրջ մեկ տասնյակ երիտասարդ ու սկսնակ դերասաններ: Չէի ասի, թե ուժեղ կազմ է, սակայն խելացի ռեժիսորական մոտեցման դեպքում հնարավոր է հաջողված, նույնիսկ շատ հաջողված ներկայացումներ ունենալ: Այս առումով կարելի է վկայակոչել Նարեկ Դուրյանի, Կարեն Աբրահամյանի, Սիրանուշ Ղուկասյանի բեմադրությունները:

Ուրախությամբ պիտի նշեմ, որ այսօր մենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում 8 ուսանող ունենք: Նման բան երբեք չի եղել թատրոնի ութսունամյա պատմության մեջ: Հուսանք, որ նրանցից եթե ոչ բոլորը, գոնե շատերը մեկ-երկու տարի անց կվերադառնան մայր թատրոնի գիրկը, և Ստեփանակերտի թատրոնը կունենա նոր, արհեստավարժ համախումբ, ինչի կարիքը վաղուց ենք զգում:

- Օրերս ԼՂՀ պետպատվերով լույս տեսած Ձեր «Մենք մեր սարերն ենք» գիրքը, որն ընդգրկում է վերոհիշյալ երկու և «Պըլը Պուղին Մոսկովում» պիեսները, ինչպես նրա հանձնարարականում է նշված, Դուք նվիրել եք Ստեփանակերտի թատրոնի 80-ամյակին...

- Այո, քանի որ այդ պիեսների լույս աշխարհ գալու համար ես, ինչպես կասեն, պարտական եմ հենց Ստեփանակերտի թատրոնին: Եթե թատրոն չգայի, հազիվ թե դիմեի թատերգության ժանրին: Մանավանդ, որ նրանցից երկուսը բեմադրվել են այս թատրոնում` լավ ընդունելություն գտնելով հանդիսատեսների և արվեստագետների կողմից:

- Ուրիշ ի՞նչ նվերներ են սպասվում թատրոնին ու նրա հանդիսատեսին:

- Ամենամեծ նվերը կլինի մեր հոբելյանական ներկայացումը` Մուրացանի «Ռուզան» պատմական դրամայի բեմադրությունը, որը Վահե Շահվերդյանի գլխավորությամբ, կարելի է ասել, արդեն ավարտին է հասցվել: Այն հանդիսատեսի դատին կհանձնվի ամառային արձակուրդներից հետո, սեպտեմբերի սկզբներին (այդ օրերին կնշվի թատրոնի հոբելյանը): Անշուշտ, դա հաճելի անակնկալ կդառնա թատերասերների համար նաև այն առումով, որ կենտրոնական դերերում հիմնականում հանդես կգան մեր երիտասարդ դերասանները: «Ռուզանը» կցուցադրվի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում: Հավանորեն կմասնակցենք արդեն ավանդական դարձած «Թատերական Լոռի» փառատոնին, որը կկայանա հոկտեմբերին, Ալավերդի քաղաքում: Գուցե և հյուրախաղեր էլ ունենանք ՀՀ տարբեր վայրերում: Իսկ տարեվերջին, ինչպես բազմիցս հիշեցվել է, պետք է սկսվեն թատրոնի շենքի վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Թատրոնը, բնականաբար, ժամանակավորապես, մի քանի տարով կհանգրվանի ուրիշ շինությունում:
Просмотры (134)  Комментарии (0)  Форум (Հարցազրույցներ)
Зарегистрированный
Анонимно