Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@

Մենք մեր սարերն ենք

Увеличить
На этой фотографии:

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՊԱՐՏՔԻ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

Արձակագիր Կոմիտաս Դանիելյանի <<Մենք մեր սարերն ենք>> պիեսը, որի հիման վրա ստեղծվել է համանուն ներկայացումը, ներառում է բանակային (տվյալ դեպքում՝ պատերազմական ժամանակաշրջանի) կյանքի համարյա բոլոր ոլորտները՝ հետախուզություն, հրետակոծում, մարտի վարում, հակառակորդի զինծառայողների գերեվարում, բուժօգնության ցուցաբերում և այլն։ Բայց ամեն ինչ՝ սկզբից։ Հայկական վաղնջական բնակավայրը հերթական ռազմագործողության ընթացքում ժամանակավորապես հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տարհանվել է խաղաղ բնակչությունը, բայց ահա դեռատի կինը, իր փոքրիկ տղայի հետ, չի հասցրել հեռանալ գյուղից։ Պատճառներից մեկն էլ, երևի, հղիության հետևանքով կնոջ ծանրաշարժ լինելն էր։ Ծանր վիճակում հայտնված մարդկանց ամեն րոպե սպառնացող վտանգը ավելի դյուրագրգիռ է դարձնում նրանց, մինչդեռ՝ փոքրիկ տղան գործում է շատ ինքնավստահ, յուրովի հետախուզում շրջակա տարածքը, ինչպես նաև ուտելիք հայթայթում մոր համար։ Ի դեպ, այստեղ հարկ է նշել փոքրիկ տղայի դերակատար Տիգրան Աբաղյանի ինքնավստահությունը, վտանգի սպառնալիքի տակ ճիշտ կողմնորոշվել կարողանալը, մոր դերում հանդես եկող ԼՂՀ վաստակավոր արտիստ Արեգա Պետրոսյանի հետաքրքիր խաղաոճը։ Ներկայացման մեջ ցուցադրվում է ադրբեջանցիներին հարիր մի կարևոր հանգամանք ևս, որը շատ խիստ բնութագրական է նրանց համար, դա ադրբեջանցի սպայի անողոք վերաբերմունքն է իր հայազգի մոր նկատմամբ։ Դեպքերն, իհարկե, ներկայացման մեջ շատ կտրուկ ու սրընթաց են, իսկ արդյունքում՝ մեր զինված տղաները կարողանում են տիրապետել իրադրությանը, և վտանգի մեջ հայտնված մայր ու որդին, իր ադրբեջանցի որդուց արհամարհված ու հեռացված հայազգի մայրը կարողանում են վերագտնել իրենց հանգիստն ու ապահով առօրյան։ Ավելին, այնպիսի քաջ տղաների, ինչպիսիք են հրամանատար Մարտիկը (Մարտին Ալոյան), ֆիդայիներ Համոն (Գենադի Առուշանյան) ու Սերոն (Դավիթ Ղահրամանյան), վարժ ու գրագետ գործողությունների շնորհիվ գերեվարվում են նաև հակառակորդի բանակի սպան (ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյան) և իրենց զորքերի առաջխաղացման մասին նյութ պատրաստելու նպատակով առաջին գիծ հասած ադրբեջանցի լրագրողը (ԼՂՀ վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյան)։ Հոգեբանական երանգավորումները ներկայացման մեջ հասցված են կատարելության։ Հանձինս ադրբեջանցի սպայի՝ Քաջիկ Հարությունյանը տալիս է նրա կերպարի իրական բնութագիրը՝ դաժանություն, կոպտություն, գոռոզամտություն և այլն, նաև՝ ծուղակն ընկնելուց հետո՝ այդ ամենի համար մեղքի ուշացած զղջում, սրտի ցավ, հոգու անամոք վիշտ։ Թվում է՝ ներկայացման բոլոր դերերն են գլխավոր և կենտրոնական նշանակություն ունեցող, որովհետև երկրորդական և, մեղմ ասած, անիմաստ ու անտեղի ոչինչ չկա այստեղ։ Գալուստ քեռու կերպարը, որը հետաքրքիր երանգավորումներով հանդիսատեսին է ներկայացնում Սամվել Մկրտչյանը, հարազատներից մերժված ու ազգակիցների մոտ հանգրվանած Ծաղիկը (ԼՂՀ վաստակավոր արտիստ Սվետլանա Թովմասյան) և ընդամենը մեկ դրվագում հանդես եկող բուժքույրը (Մարիաննա Լալայան) հանդիսատեսին են ներկայանում իրենց դերերի նպատակային լինելու կարևորությամբ։ Ներկայացման թեման հանգուցալուծվում է, հակառակորդն այս անգամ էլ իր պարտության հերթական դրվագն է ապրում։ Հերթական անգամ հաղթում է բարությունն ու արդարությունը։ Իսկ հանդիսատեսի ոգևորված ծափերը հաստատում են այն պարզ ճշմարտությունը, որ Արցախի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախումբը (թատերախմբի ղեկավար՝ Նարինե Պետրոսյան), իրոք, մեծ գործ է կատարել՝ բեմավորելով Կոմիտաս Դանիելյանի <<մենք>> պիեսը (բեմադրիչ՝ Նարեկ Դուրյան), այն պարզ տրամաբանությամբ, որ հայրենի հող ու ջրի, քար ու քարափի, սար ու ձորի համար պիտի հեղվի զինվորի բոսորագույն արյունը, դրանով սրբագործվի հող-հայրենին, որ ավելի հարազատանա ու թանկ լինի բոլորիս համար։ Ճշմարտությունն այն է նաև, որ ոչ մեկը չի անի դա մեր փոխարեն։ Ներկայացումն այսօրվա զինծառայողներին պարտքի ու պատասխանատվության կոչելու հերթական փորձ էր նաև։

ԱՐԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
<<Մարտիկ>> թերթ

Дополнительная информация
04 Февраля 2012
Просмотры (75)  Скачивания (00)  Комментарии (0)


Зарегистрированный
Анонимно