Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@
Թատերախոսություններ
Добавил: sptatron 26 сентября 2012 11:40
Последний комментарий: Аноним 01 августа 2023 23:41

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻՇԵՑՈՒՄ՝ ՊԱՐՏՔԻ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

Արիս ԱՐՍԵՆԻ

Արձակագիր Կոմիտաս Դանիելյանի «Մենք մեր սարերն ենք» պիեսը, որի հիման վրա ստեղծվել է համանուն ներկայացումը, ներառում է բանակային (տվյալ դեպքում՝ պատերազմական ժամանակաշրջանի) կյանքի համարյա բոլոր ոլորտները՝ հետախուզություն, հրետակոծում, մարտի վարում, հակառակորդի զինծառայողների գերեվարում, բուժօգնության ցուցաբերում և այլն։ Բայց ամեն ինչ՝ սկզբից։

Հայկական վաղնջական բնակավայրը հերթական ռազմագործողության ընթացքում ժամանակավորապես հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Տարհանվել է խաղաղ բնակչությունը, բայց ահա դեռատի կինը, իր փոքրիկ տղայի հետ, չի հասցրել հեռանալ գյուղից։ Պատճառներից մեկն էլ, երևի, հղիության հետևանքով կնոջ ծանրաշարժ լինելն էր։ Ծանր վիճակում հայտնված մարդկանց ամեն րոպե սպառնացող վտանգը ավելի դյուրագրգիռ է դարձնում նրանց, մինչդեռ՝ փոքրիկ տղան գործում է շատ ինքնավստահ, յուրովի հետախուզում շրջակա տարածքը, ինչպես նաև ուտելիք հայթայթում մոր համար։ Ի դեպ, այստեղ հարկ է նշել փոքրիկ տղայի դերակատար Տիգրան Աբաղյանի ինքնավստահությունը, վտանգի սպառնալիքի տակ ճիշտ կողմնորոշվել կարողանալը, մոր դերում հանդես եկող ԼՂՀ վաստակավոր արտիստ Արեգա Պետրոսյանի հետաքրքիր խաղաոճը։ Ներկայացման մեջ ցուցադրվում է ադրբեջանցիներին հարիր մի կարևոր հանգամանք ևս, որը շատ խիստ բնութագրական է նրանց համար, դա ադրբեջանցի սպայի անողոք վերաբերմունքն է իր հայազգի մոր նկատմամբ։ Դեպքերն, իհարկե, ներկայացման մեջ շատ կտրուկ ու սրընթաց են, իսկ արդյունքում՝ մեր զինված տղաները կարողանում են տիրապետել իրադրությանը, և վտանգի մեջ հայտնված մայր ու որդին, իր ադրբեջանցի որդուց արհամարհված ու հեռացված հայազգի մայրը կարողանում են վերագտնել իրենց հանգիստն ու ապահով առօրյան։ Ավելին, այնպիսի քաջ տղաների, ինչպիսիք են հրամանատար Մարտիկը (Մարտին Ալոյան), ֆիդայիներ Համոն (Գենադի Առուշանյան) ու Սերոն (Դավիթ Ղահրամանյան), վարժ ու գրագետ գործողությունների շնորհիվ գերեվարվում են նաև հակառակորդի բանակի սպան (ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյան) և իրենց զորքերի առաջխաղացման մասին նյութ պատրաստելու նպատակով առաջին գիծ հասած ադրբեջանցի լրագրողը (ԼՂՀ վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյան)։ Հոգեբանական երանգավորումները ներկայացման մեջ հասցված են կատարելության։ Հանձինս ադրբեջանցի սպայի՝ Քաջիկ Հարությունյանը տալիս է նրա կերպարի իրական բնութագիրը՝ դաժանություն, կոպտություն, գոռոզամտություն և այլն, նաև՝ ծուղակն ընկնելուց հետո՝ այդ ամենի համար մեղքի ուշացած զղջում, սրտի ցավ, հոգու անամոք վիշտ։ Թվում է՝ ներկայացման բոլոր դերերն են գլխավոր և կենտրոնական նշանակություն ունեցող, որովհետև երկրորդական և, մեղմ ասած, անիմաստ ու անտեղի ոչինչ չկա այստեղ։ Գալուստ քեռու կերպարը, որը հետաքրքիր երանգավորումներով հանդիսատեսին է ներկայացնում Սամվել Մկրտչյանը, հարազատներից մերժված ու ազգակիցների մոտ հանգրվանած Ծաղիկը (ԼՂՀ վաստակավոր արտիստ Սվետլանա Թովմասյան) և ընդամենը մեկ դրվագում հանդես եկող բուժքույրը (Մարիաննա Լալայան) հանդիսատեսին են ներկայանում իրենց դերերի նպատակային լինելու կարևորությամբ։ Ներկայացման թեման հանգուցալուծվում է, հակառակորդն այս անգամ էլ իր պարտության հերթական դրվագն է ապրում։ Հերթական անգամ հաղթում է բարությունն ու արդարությունը։ Իսկ հանդիսատեսի ոգևորված ծափերը հաստատում են այն պարզ ճշմարտությունը, որ Արցախի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախումբը (թատերախմբի ղեկավար՝ Նարինե Պետրոսյան), իրոք, մեծ գործ է կատարել՝ բեմավորելով Կոմիտաս Դանիելյանի «Մենք մեր սարերն ենք» պիեսը (բեմադրիչ՝ Նարեկ Դուրյան), այն պարզ տրամաբանությամբ, որ հայրենի հող ու ջրի, քար ու քարափի, սար ու ձորի համար պիտի հեղվի զինվորի բոսորագույն արյունը, դրանով սրբագործվի հող-հայրենին, որ ավելի հարազատանա ու թանկ լինի բոլորիս համար։ Ճշմարտությունն այն է նաև, որ ոչ մեկը չի անի դա մեր փոխարեն։ Ներկայացումն այսօրվա զինծառայողներին պարտքի ու պատասխանատվության կոչելու հերթական փորձ էր նաև։


«ՏԻԿԻՆ ՄԻՆԻՍՏՐՈՒՀԻ»

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական  դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ  Բրոնիսլավ Նուշիչի  «Տիկին մինիստրուհի» երեք գործողությամբ  կատակերգության առաջնախաղը: Նույնիսկ անժամանակ վրա հասած ցուրտ եղանակն ու տեղացող անձրևը չխանգարեցին թատերական արվեստի երկրպագուներին շտապել թատրոն. փափազյանցիների ներկայացումը հավաքել էր բավականին ստվար հանդիսատես, այսինքն, հետաքրքրությունն ու սպասելիքները թատրոնի հանդեպ պահպանվում են:
Առաջնախաղին ներկա էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ներկայացումն սկսվելուց առաջ Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, արձակագիր Կոմիտաս Դանիելյանը շնորհավորանքի խոսք ասաց ԼՂՀ վաստակավոր արտիստ Սվետլանա Թովմասյանին`  60-ամյա հոբելյանի առթիվ, այնուհետև նրան հանձնեց Հայաստանի Հանրապետության թատերական գործիչների միության պարգևը` «Ոսկե մեդալը»` Արցախում թատերական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար: Տնօրենը թատրոնի կոլեկտիվի կողմից ևս նվեր հանձնեց և մաղթեց ստեղծագործական հաջողություններ:
«Ինձ համար ամենամեծ պարգևը հանդիսատեսի ծափերն են եղել»,- ասաց դերասանուհին և իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ թատերական գործիչների միությանը, թատրոնի տնօրենությանը:
Սերբ նշանավոր գրողի «Տիկին մինիստրուհի» պիեսը բեմադրվել է աշխարհի բազմաթիվ բեմերում, այդ թվում և Ստեփանակերտի բեմում, 1972 թվականին: Նորից անդրադառնալը փաստում է, որ դասական գործերը չեն կորցնում իրենց հրատապությունը:
Ներկայացման գործողություններն ընթանում են Սիմ Պոպովիչին անսպասելի նախարար նշանակելու շուրջ, ավելի ճիշտ` հետո: Մինիստրուհին` տիկին Ժիվկան, շրջապատվում է նոր ազգականներով: Քայլ առ քայլ կոմիկական իրավիճակներում բացահայտվում է գլխավոր հերոսուհու և նրան շրջապատողների հոգևոր սնանկությունը:
Պիեսը բեմադրել է Մարիա Կարապետյանը, որին հաջողվել է հանդիսատեսի հոգուն ու մտքին հասցնել ներկայացման գերխնդիրը. կարևորը պաշտոնի շքեղությունը չէ:
Ալբերտ Սաֆարյանի ճաշակով կատարած երաժշտական և Զորի Գալստյանի դիպուկ և խորհրդանշական նկարչական ձևավորումները համահունչ են նկարագրված  ժամանակաշրջանին:
Բեմադրիչ Մ. Կարապետյանը, լավագույնս օգտագործելով դերասանական կազմի հնարավորությունները, ստեղծել է հաջողված ներկայացում:


ԴԱՍԱԿԱՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻ ԲԵՄՈՒՄ

Նարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում օրերս  տեղի ունեցավ սերբ նշանավոր թատերագիր Բրոնիսլավ Նուշիչի «Տիկին մինիստրուհի» պիեսի բեմադրության առաջնախաղը (բեմադրությունը` Մարիա Կարապետյանի, նկարչական ձևաավորումը` Զորիկ Գալստյանի, երաժշտական ձևավորումը` Ալբերտ Սաֆարյանի, ռեժիսորի ասիստենտ` Քաջիկ Հարությունյան):

Բ. Նուշիչն այս գործը գրել է դասական կատակերգության բոլոր կանոններով. թյուրիմացության վրա հիմնված զավեշտական իրավիճակներ, դրության կոմիզմ, դիպուկ ու սրամիտ երկխոսություններ, կենդանի բնավորություններ և այլն: Եվ երիտասարդ բեմադրիչ Մարիա Կարապետյանը ձգտել է ճշգրտորեն մշակել յուրաքանչյուր գործող անձի վարքագիծը, հնարավորինս հյութեղ ու հավաստի մանրամասներով բնութագրել յուրաքանչյուր կերպար:

Կատակերգության գլխավոր հերոսուհին` Ժիվկան, հոգեբանական բազում երանգներ պարունակող կերպար է, վերին աստիճանի եսասեր, հանուն դրամի և իշխանության ոչնչի առաջ կանգ չառնող:
Ներկայացման հիմնական ծանրությունն իր վրա է կրում Ժիվկա-Արմիդա Գաբրիելյանը։ Ամուսնու մինիստրական աթոռից կառչած` խաբեբա ու նենգ Ժիվկան փորձում է հարազատ աղջկան բաժանել սիրած ամուսնուց և ամուսնացնել հարուստ առևտրականի հետ։ Նա քամահրանք է դրսևորում իր ազգականների հանդեպ, որոնք, ըստ իրեն, ինչպես նաև հարազատ փեսան, չեն պատշաճում իր մինիստրական դիրքին: Հեղինակն իր հերոսուհուն տարբեր կոմիկական վիճակներում դնելով` ի վերջո նրան կանգնեցնում է կոտրած տաշտակի առջև: Ամուսինը` Սիմ Պոպովիչը, միառժամանակ անց, իհարկե, ոչ առանց տիկին մինիստրուհու «աջակցության», պաշտոնաթող է լինում, և վերջակետ է դրվում փառամոլ Ժիվկայի սալոնական կարիերային: Պիտի նշել, որ Ա. Գաբրիելյանը կարողացավ պատշաճ մակարդակով խաղալ երես առած, սանձարձակ Ժիվկայի ոչ դյուրին դերը։
Գ. Առուշանյանի (Չեդա) և Զ. Մկրտչյանի (Դարա) կերտած կերպարները թե՛ արտաքին բեմանկարի, թե՛ ներքին էության տեսակետից գտնված անձնավորումներ են: Նրանցից յուրաքանչյուրը (մանավանդ առաջինը) կարողանում է կերպարի առանձնահատկությունները երևան բերել դերասանական բազմերանգ խաղով, զուսպ շարժուձևով` կեցվածքի մեջ բացառելով ավելորդ ծիծաղաշարժությունը:
Հումորի նրբին զգացողությունն արտահայտվում է նաև Դ. Ղահրամանյանի (Ռակա), Մ. Խաչատրյանի (Անկա) դերասանական և մանրակրկիտ մշակված դետալներում: Ռիստա Տոտորովիչ-Նիկարագուայի կերպարը օրգանապես ապրելու հանգամանքը Կ. Առաքելյանին թույլ է տալիս ամբողջ կարողությունը կենտրոնացնել իր հերոսի բնավորության և ներաշխարհի ավելի խոր դրսևորման վրա: Ինքնատիպ կերպար է Ա. Մկրտչյանի ուսուցչուհին: Մ. Ալոյան (Պեռա) և Ս. Եվրիյան (Նինկովիչ) դերասանների արտաքինը, «փափուկ», բայց բնութագրական խոսելաձևը, շարժուձևի յուրահատկությունը նպաստում են կերպարների հոգեբանական տարբեր գծերի բացմանը: Տպավորիչ ու խոսուն նկարագրով է օժտված Ա. Հովսեփյանի Վասա քեռին: Բնավորություններ ունեցող դերեր են պարոնյանական մեծապատիվ մուրացկաններին հիշեցնող ազգականները` Սավկան (Ա. Պետրոսյան), Դարան (Ռ. Գասպարյան), Պանտան (Ս. Թովմասյան), Սոյան (Դ. Մելիքսեթյան), Կալենիչը (Էդ. Դավթյան):
Այս բազմաշերտ ներկայացման մեջ բոլոր կերպարներն էլ ինքնատիպ են, անսպասելի գյուտերով հարուստ, սակայն օժտված են բեմադրիչի առաջադրած խնդիրների հատկանիշներով: Պատահական չէ, որ «Տիկին մինիստրուհի» ներկայացումը երկու անգամ էլ կայացավ լեփ-լեցուն դահլիճում և արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
«Տիկին մինիստրուհին» ավելի շատ համեմատել եմ Պարույր Սևակի «Իրերի դատավարություն» ստեղծագործության հետ,- ասաց ռեժիսոր Մարիա Կարապետյանը: - Այնտեղ բոլորիս հայտնի խոսքեր կան. «Աթոռը չորքոտանի է, որ պիտի ծառայի մեզ, և ոչ թե մենք պիտի ծառայենք նրան»: Ցանկություն ունեի ֆինալում օգտագործել նշածս ստեղծագործությունից քառատող, բայց ավելորդ համարեցի արդեն խփված մեխի գլխին նորից հարվածել: Մեր հնարավորություններից և պայմաններից ելնելով` համարում եմ բեմադրությունը կայացած: Այն հերոսական աշխատանքը, որ կատարել են  փափազյանցիները մեր թատրոնի «անհյուրընկալ» շենքում, անգնահատելի է»:
«Ներկայացման հաջողությունը թերևս պայմանավորված է նրանով, որ մենք կարողացանք թատերախմբի հնարավորությունն օգտագործել եթե ոչ լիովին, ապա գոնե 90 տոկոսով,- ասաց թատրոնի տնօրեն Կոմիտաս Դանիելյանը:- Հարկավ, նկատի ունեմ նաև դերակատարների ճիշտ ընտրությունը»:

 

«ԼՈՒՅՍ ՔԵԶ ՏԵՍՆՈՂԻՆ»

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Երկրորդ տարին  է, ինչ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվն իր մասնագիտական տոնը՝ Թատրոնի  միջազգային օրը, դիմավորում է առաջնախաղով՝ գեղագիտական հաճույք և տոնական տրամադրություն  պարգևելով  մայրաքաղաքի թատերասերներին։

Փափազյանցիներն այս անգամ հյուրընկալվել էին ԱրՊՀ-ում։  Ներկայացումն ընթացավ անշլագով՝ հիմնականում երիտասարդական դահլիճ, դասախոսական կազմ, մշակույթի աշխատողներ։ 

Թատրոնի տնօրեն Կոմիտաս Դանիելյանը հավաքվածներին, դերասանական անձնակազմին ողջունելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ, ասաց, որ կոլեկտիվը ձգտել է այդ օրը նշել հավուր պատշաճի, որ թատրոնի և Արցախի պետական համալսարանի կապն ավելի է սերտանում։ Տնօրենն ավելորդ չհամարեց տեղեկացնել, որ ընթացիկ տարում  կսկսվի թատրոնի շենքի վերակառուցումը։ Տարին նաև հոբելյանական է թատրոնի համար. լրանում է նրա 80 տարին, և այս առթիվ նախատեսվում են մշակութային միջոցառումներ։

«Թատրոնը բազմաճյուղ կառույց է,  և, դերասանական կազմից բացի, աշխատում են նաև այլ մասնագետներ, աշխատակիցներ, առանց որոնց անհնար  է պատկերացնել թատրոնի գործունեությունը»,- ասաց Կ. Դանիելյանը և պատվոգրեր հանձնեց Էլմիրա Բաբայանին, Սերիկ Գևորգյանին, Լուսինե Աղաջանյանին, Սուսաննա Գաբրիելյանին։

Շնորհակալագրերի արժանացան նաև թատրոնի հետ ամուր կապված մի խումբ  մտավորականներ՝ ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը։ Վերջինս ողջույնի խոսքում կարևորեց թատրոնի դերը ազգի հոգևոր-մշակութային, հասարակական կյանքի առաջընթացում՝ սկսած Տիգրան Մեծի ժամանակներից  մինչ այսօր։ 

Հանդիսատեսի դատին հանձնվեց  անվանի դրամատուրգ Ժիրայր Անանյանի «Լույս քեզ տեսնողին» պիեսի բեմադրությունը (բեմադրիչ՝ ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյան, դերակատարներ՝ Մարտին Ալոյան (Արիստակես), Արեգա Պետրոսյան (Զարուհի), Սամվել Եվրիյան (Հրաչ), Արև Իսրայելյան (Լալա), Ք.Հարությունյան (Ռաֆիկ)։ 

Բեմադրության երաժշտական ձևավորումը կատարել է Ալբերտ Սաֆարյանը, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանը։

Ներկայացման մեջ արծարծվում են խիստ այժմեական խնդիրներ՝ ծերության շեմն անցած մարդկանց մենակության հարց, նյութապաշտ որդիներ, անաղարտ սեր  և այլն։

Ջերմ ծափեր, ծաղիկներ, շնորհավորանքի խոսքեր՝ այս ամենը վկայում են կատակերգության  հաջողված բեմադրության մասին։

Նշենք, որ ԼՂՀ  վաստակավոր արտիստուհի Արեգա Պետրոսյանը ԱրՊՀ ռեկտորի կողմից արժանացավ պարգևի


ՓԱՓԱԶՅԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Նարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը  հանդիսատեսի դատին հանձնեց Ժիրայր Անանյանի «Լույս քեզ տեսնողին»  ներկայացումը (բեմադրությունը` Քաջիկ Հարությունյանի, նկարչական ձևավորումը` Զորիկ Գալստյանի, երաժշտական ձևավորումը` Ալբերտ Սաֆարյանի): 

«Լույս քեզ տեսնողին» պիեսը, կարելի է ասել, մի խենթ ու գունեղ պատմություն է մեր օրերի իրականության մասին, որտեղ արծարծվում են ընտանիքում տեղի ունեցող արժեքների վերագնահատում, ինչու չէ, նաև հանդիսատեսի լայն խավերին հուզող բարդ խնդիրներ: Թատերագիրը ծավալել է դրամատիկ և կատակերգական ինտրիգով մի խոր ու բազմաշերտ կոնֆլիկտ, որի հիմքը գլխավորապես տարեց մարդկանց հոգեբանական մաքառումն է:      

Նշենք, որ գլխավոր դերերում ընդգրկված են ճանաչված դերասաններ` ԼՂՀ վաստակավոր արտիստուհի Արեգա Պետրոսյանը (Զարուհի) և Մարտին Ալոյանը (Արիստակես): Ներկայացման մեջ ներգրավված են նաև Արև Մկրտչյանը (Լալա), ԼՂՀ վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը (Հրաչ) և ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը (Ռաֆիկ): 

Արիսի և Զարուհու կերպարներն օժտված են ներքին ու արտաքին տպավորիչ և խոսուն նկարագրով: Նրանց կատարումները ներկայացմանը բերում են տխուր հեգնանքի շեշտ` միահյուսելով այն իրենց հերոսների վրա «զվարճանալու» հաճույքի հետ: Հարազատ մարդկանց անարդար վերաբերմունքի դեմ ուղղված բողոքը սրվում է, ստանում խիտ գույներ, դառնում գործողության գագաթնակետ: Զարուհին իրեն բաժին հասած կյանքից դժգոհ է ու հիասթափված: Նա գտնում է, որ իր դուստրը դժբախտ է, որովհետև նրա ամուսինը պորտաբույծ ու խարդախ մարդ է: Փեսայի (Հրաչ) դերակատար Սամվել Եվրիյանը կերպարի բեմական բնութագրի համար կիրառել է «առաքինի» վարքագծի և ստոր էության կոնտրաստը:

Կրքերն ավելի են շիկացնում գործողությունները: Ռաֆիկը (Ք. Հարությունյան) չափազանց հուզված է հորեղբոր տան վաճառքի պատճառով, և այդ հուզմունքը ժայթքում է հորեղբոր գլխին, երբ նա հայտարարում է, թե ինքը պատրաստվում է ամուսնանալ իր սիրած կնոջ հետ: Ռաֆիկի խոսքը հնչում է իբրև մեծ կուտակումի արտահայտություն, ցասումնալից բողոք հորեղբոր դեմ: Չէ՞ որ, ինչպես Ռաֆիկը կասեր, օրենքով հորեղբայրը մահացած պիտի լիներ, ոչ թե... Այս ամենը ներկայացվում է տարեց մարդկանց հարազատների կեղծ փոխհարաբերությունների հաշվենկատության վրա հիմնված, ինչին հակադրվում է իսկական մարդկայինն ու անկեղծը:

Ի դեպ, կատակերգական ձևաչափով հանդես եկող Արև Մկրտչյանը (Լալա) «ողբերգություն» ապրող աղջկա դերում ևս ընկալվում է:

      Բեմադրության ավարտին կյանքը հերոսների համար ստանում է կերպարային վառ նկարագիր, գունեղ, իմաստալի, նորովի արտահայտություն:

Գեղեցիկ, հետաքրքիր իր մարդկային ասելիքով, իր խորքով ներկայացումը հանդիսատեսը ընդունեց սիրով ու ծափողջույններով:

- Ժիրայր Անանյանի այս պիեսը շատ նուրբ հոգեբանական գործ է և, ճիշտն ասած, ես ինչ-որ մտավախություն ունեի` կկարողանա՞նք, արդյոք, հանդիսատեսին փոխանցել թատերագրի հղացածը,- ասաց թատրոնի տնօրեն, արձակագիր Կոմիտաս Դանիելյանը:- Դերակատարներն, ի պատիվ իրենց, ընդհանուր առմամբ հաջողությամբ քննություն բռնեցին, իսկ Մ. Ալոյանն ու Ա. Պետրոսյանը ուղղակի գերազանցեցին մեր սպասելիքները:


«ԼՈՒՅՍ ՔԵԶ ՏԵՍՆՈՂԻՆ» ԴՐԱՄԱՆ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ

Ալեքսանդր ՔԱՆԱՆՅԱՆ


Հունիսի 20-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական խումբն Արցախի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության գործուն աջակցությամբ այցելել է Քարվաճառ՝ քաղաքի բնակչությանը մերօրյա հայ թատերական արվեստին հաղորդակից դարձնելու և մշակութային ճաշակը բյուրեղացնելու համար:
Ստեփանակերտից ժամանած հյուրերն ամենայն արագությամբ սեփական ուժերով հարդարել են բեմը և նախանշված ժամին սկսել թատերական ներկայացումը: Պետք է խոստովանել, որ Ստեփանակերտի պետական թատրոնի ստեղծագործական խումբն ներկայացման առաջին իսկ դրվագից կրկին ցուցադրել է բազմարվեստ հմտություն՝ մարդկանց գրավելու և զվարթ հոգեվիճակ պարգևելու առումով: Դահլիճում հավաքված հարյուրի հասնող քարվաճառցիներ, առանց տարիքային տարբերության ամենայն ուշադրությամբ հետևում էին թատերական ներկայացման«զարգացումներին», իսկ լռությունն ընդհատվում էր միայն ներկաների ծիծաղով և ինքնաբուխ ծափահարություններով:
Ժիրայր Անանյանի հեղինակած «Լույս քեզ տեսնողին» դրամայի բեմադրությունը Քարվաճառի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված հերթական բարի նախաձեռնությունն էր: Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի և ստեղծագորական խմբի մյուս անդամների թատերախաղը հիրավի արժանի էր դրվատանքի, որն էլ պատշաճ ծափողջույներով արտահայտվել է ներկայացումը դիտած բոլոր ներկաների կողմից:
Քարվաճառի հանրության անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում Վահրամ Փափազյանի անվան Ստեփանակերտի պետական թատրոնի բարձրարվեստ անձնակազմին՝ մաղթելով ոգեզոր ստեղծագործական ներշնչանք՝ ի շահ արցախահայ մշակույթի ծաղկման և հարստացման:




Просмотры (442)  Комментарии (1)  Форум (Ներկայացումներ)
안전놀이터 02.08.2023 в 08:41

I will subscribe to this blog I would like to say that I am an expert on the subject I am thinking about. It's rare these days to visit a great blog like this one. 안전놀이터

Зарегистрированный
Анонимно