Создать сайт
Понравился? Нажмите -
@ADVMAKER@

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ

       Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան (1936-1989-ին` Մ. Գորկու անվան) պետական դրամատիկական թատրոնը կազմավորվել է 1932-ին` Կամո Ալվարյանի ղեկավարությամբ: Հիմնադիր կազմում էին Աննա Մելիքը, Արմեն Միրզոյանը, Հմայակ Դանիելյանը, Գուրգեն Ջանոյանը, Հայկ Գևորգյանը, Իվան Հովհաննիսյանը, Միքայել Կորգանյանը, որոնց ու տեղի սիրող դերասանների ջանքերով նույն տարվա օգոստոսի 11-ին Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» պիեսի ներկայացմամբ առաջին անգամ բացվեց նորաստեղծ թատրոնի վարագույրը: Դրան հաջորդեցին Հակոբ Պարոնյանի «Պաղտասար Աղբար», Նար-Դոսի «Սպանված աղավնի» գործերի բեմադրությունները և այլն: 1949-ին, Բաքվի հայկական պետական թատրոնը փակվելուց հետո, թատրոնը համալրվել է նոր ուժերով:

      Թատրոնի ստեղծագործական վերելքին նպաստել են հանրապետության ժողովրդական արտիստներ Գուրգեն Հարությունյանը, Միքայել Կորգանյանը, Թագուշ Սահակյանը, Նինա Հովսեփյանը, Թամարա Մելքումյանը, Բենիամին Օվչյանը, Մարգո Բալասանյանը, Մամիկոն Միքայելյանը, Զինավոր Գևորգյանը, Նվարդ Ասատրյանը, Ժորա Մովսիսյանը, Միքայել Հարությունյանը, վաստակավոր արտիստներ Օվսաննա Սարգիսբեկյանը, Ռաֆայել Հարությունյանը, Արուս Ղազումյանը, Սուրեն Համզոյանը, Շուշիկ Գրիգորյանը, Ասյա Սիմոնյանը, Արֆենյա Հովհաննիսյանը, արտիստներ Գուրգեն Գրիգորյանը, Յակով Մելոյանը, Վահան Առուշանյանը, Բոգդան Բաբայանը, Ասլանիկ Օհանյանը, Արմեն Հարությունյանը, ապա նաև` ժողովրդական արտիստուհի Ժաննա Գալստյանը, վաստակավոր արտիստներ Ղարիբ Սարգսյանը, Սամվել Վիրաբյանը և ուրիշներ:

      Տարբեր ժամանակահատվածներում թատրոնի ներկայացումներին իրենց մասնակցությունն են ունեցել հայ բեմի մեծահամբավ վարպետներ Վահրամ Փափազյանը, Իսահակ Ալիխանյանը, Արուս Իսկանյանը, Ժասմենը, Լևոն Երամյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Դավիթ Մալյանը, Կարպ Խաչվանքյանը:

      Թատրոնում բեմադրություններ են դրել Կարո Ալվարյանը, Միքայել Կորգանյանը, Գուրգեն Թավրիզյանը, Մուշեղ Սաղյանը, Բենիկ Բժիկյանը, Հրայր Գրիգորյանը, Արտաշես Հովսեփյանը, Տաճատ Վարդազյանը, Հովհաննես Կարապետյանը, Իվան Հովհաննիսյանը, Ռեմ Սարգսյանը, Անդրանիկ Գամջյանը, Վահե Շահվերդյանը, Ալֆրեդ Հակոբյանը, Կարեն Աբրահամյանը, Լեոնիդ Հարությունյանը: Բեմադրությունների ձևավորումներ են կատարել նկարիչներ` արվեստի վաստակավոր գործիչներ Գրիգոր Ծատուրյանը, Մուշեղ Սաղյանը և Սարգիս Արուտչյանը, Սամվել Հովհաննիսյանը (Ալեքսանդր Դաշտոյան) և ուրիշներ: Երկար տարիներ թատրոնի գրական աշխատանքներն է վարել գրող, մշակույթի վաստակավոր աշխատող, Իսահակ Ալավերդյանը:

      Անցած 80 տարիներին թատրոնում բեմադրվել են հայ, ռուս և համաշխարհային դասական ու ժամանակակից թատերագիրների շուրջ 400 երկեր: Դրանց թվում են նաև արցախցի հեղինակներ Բագրատ Ուլուբաբյանի «Ո՞ւմ հետ ես դու», Բագրատ Ուլուբաբյանի և Իսահակ Ալավերդյանի «Հողի լեզուն», Իսահակ Ալավերդյանի «Սիրո ճանապարհին», «Ախ, սեր», Վազգեն Օվյանի «Մեծ լոռեցին», «Պըլը-Պուղի», Աբգար Դանիելյանի «Այրվող պատիվ», Վարդան Հակոբյանի «Քո սերը քո տունն է», «Հայելիներ», «Արցախյան բալլադ», Զինավոր Գևորգյանի «Պապ, կրակում են», Կոմիտաս Դանիելյանի «Մենք մեր սարերն ենք» և «Տո լաճ տնավեր» գործերը:

       1982-ին թատրոնը պարգևատրվել է ԽՍՀՄ «Պատվո նշան», 2002-ին` ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաներով:

        Ներկայում թատերախմբում ընդգրկված են ԼՂՀ ժող. արտիստ Քաջիկ Հարությունյանը, վաստակավոր արտիստներ` Արեգա Պետրոսյանը, Սվետլանա Թովմասյանը, Արմելա Առաքելյանը, Արմիդա Գաբրիելյանը, Սամվել Եվրիյանը, արտիստներ Մարտին Ալոյանը, Սամվել Մկրտչյանը, Կամո Առաքելյանը, Արև Մկրտչյանը, Գենադի Առուշանյանը, Դիանա Մելիքսեթյանը, Ռուզան Գասպարյանը և մեկ տասնյակ երիտասարդ դերասաններ: Թատրոնի գեղ. ղեկավարն է Մարատ Դավթյանը, բեմադրող ռեժիսորը` Մարիա Կարապետյանը, տնօրենը` Կոմիտաս Դանիելյանը:


25.09.2012
Просмотров (116)


Зарегистрированный
Анонимно